Ընդօրինակություն Հ. Կոջոյանի "Հայկական մունետիկ" նկարի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում ներկայացված է 20-րդ դարի հայկական կերպարվեստի պատմության մեջ գրաֆիկայի լավագույն նմուշներից մեկը` Հակոբ Կոջոյանի «Հայկական մունետիկը»: Հարուստ զարդանախշով ֆոնին ձուլվող մարդկային կերպարը՝ հերոլդը կամ մունետիկը, արքունի կարևոր պաշտոններից մեկն էր զբաղեցնում: Մունետիկը հիմնականում կատարում էր արքայական լրաբերի դերը և հաճախ գտնվում էր երկրի կարևոր իրադարձությունների, փոփոխությունների կիզակետում: Հայ պալատականների հանդերձանքի մասին տեղեկանում ենք ինչպես պատմիչների նկարագրություններից, այնպես էլ հնագույն դրամների և միջնադարյան մատյանների պատկերներից: Օգտագործելով հայկական հերալդիկ խորհրդաբանության, մանրանկարչության, ինչպես նաև ոսկերչության բնագավառներում ունեցած հարուստ գիտելիքները` Կոջոյանը ստեղծել է ընդհանրացված սիմվոլիկ կերպար: Մունետիկը կրում է պալատականներին հատուկ երկարաճիտ զարդանախշ կոշիկներ` մույկեր (ամբողջությամբ կարմիր զույգ մույկեր կարող էր կրել միայն արքան), կարճ պարեգոտ`գոտեվորված ոսկեզօծ քամարով, գլխին փետրազարդ ապարոշ է՝ ոսկյա կախազարդերով և երկար բազմածալ քող-թիկնոցով, ձեռքին հերոլդի կարևոր ատրիբուտն է` շեփորը, սիմվոլիկ պատկերագիր դրոշով: Հարուստ գունային և օրնամենտալ լուծումներով փոքրաչափ ստեղծագործությունը թողնում է մոնումենտալ տպավորություն, գեղագիտական նբաճաշակ մատուցմամբ պատկերացում տալիս վաղ անցյալում հայոց ազնվականների հանդերձանքի մասին: Նյութը՝  թուղթ, տուշ, ջրաներկ Հեղինակ՝  Ընդօրինակող` Բաղդասարյան Վարդգես Խաչատուրի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1921 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  13326 Բաժնեհաշվառանիշ՝  2055